Ներկա աշխարհը ուժային առումով սկզբունքորեն տարբերվում է մինչատոմային զենքով զինված աշխարհից, և դրա միակ պատճառը փոխադարձ ոչնչացման վախն է. մի աշխարհ, որտեղ Հյուսիսային Կորեայի նման աղքատ երկիրը, որն ատոմային զենքի շնորհիվ ունի իր տնտեսական հզորությանը ոչ համեմատական մեծ կշիռ մեծերի հաշվեկշռում:
Նույն երևույթի ավելի մասշտաբային արտացոլումն է Ռուսաստանի, որպես գերտերության առաջ մղվելն աշխարհում, և դա էլ այն դեպքոմ, երբ նա իր բնակչոթյան թվով ու տնտեսական հզորությամբ շատ հեռու է առաջին տեղերից:
Այդ նույն երևույթի հակառակ իմաստով օրինակ է նաև ԵՄ-ը, որն իր 450 միլիոն բնակչությամբ ու տնտեսական պոտենցիալ հզորությամբ առաջիններից մեկը լինելով, իր ռազմական թուլության պատճառով մեծերի հաշվեկշռի մեջ պարզապես տեղ չունի:
Եվ դա էլ այն դեպքում, երբ նույն ԵՄ-ը ունի ատոմային զենք, բայց նաև՝ թույլ ղեկավարություն ու ապակողմնորոշված էլիտա, բարեկեցիկ կյանքով ու լիբերալ դեմոկրատական ծայրահեղություններով բնական հունից հանված ոչ պասիոնար բնակչություն, որի արդյունքում, որպես աշխարհաքաղաքական ուժ, Եվրոպան անխուսափելիորեն մղվում է հետին պլան:
Նման հզորագույն աշխարհաքաղաքական մրցակցության պրոցեսում կա պասիոնարություն անունով մի գործոն, որի վճռական դերը դեռևս լավ չի գիտակցվել մարդկության կողմից:
Բանն այն է, որ գոյություն ունի ուղիղ կապ մարդկանց տևական բարեկեցության և նրանց պասիոնարության չափի միջև, որտեղ պասիոնարության տակ կարելի է հասկանալ Հայրենիք ասվածի զգացողության և հանուն նրա զոհողության գնալու չափը:
Եվ այստեղ կա նման զգացողության մի կրիտիկական չափ, որից ներքև մարդն այլևս ընդհանուրի շահի համար զոհողության գնալը համարում է անմիտ սխալ, որն էլ հասարակական առումով ունի պարադիգմային իմաստ:
Եթե հասարակության մեջ շատերն են այդպես մտածում, ապա այդ հասարակությունը դադարում է մեծ իմաստով մրցունակ լինելուց:
Բայց այստեղ կարող է առաջանալ մի շատ կարևոր հարց ևս, թե արդյոք հնարավո՞ր է ոչ պասիոնար ու թուլացած հասարակությանը, ասենք, ոչ բարեկեցիկ և հարաբերականորեն աղքատ դարձնելով, վերադարձնել նրա պասիոնարությունը:
Մանավանդ, պատմությանը հայտնի են դեպքեր, երբ տարբեր ժողովուրդներ կարողացել են անկում ապրելուց հետո ոտքի կանգնել և նույնիսկ անցնել հզորների շարքը:
Օրինակ, մենք, որ խորհրդային իշխանության շնորհիվ ոչնչացված վիճակից բարձրացանք մինչև մեզ առաջադեմ ազգ զգալու վիճակ, որը որպես արտակարգ երևույթ շատ մանրամասն ուսումնասիրության կարիք ունի:
Այս ուղղությամբ ընդհանրացնելով խոսքը՝ պետք է ենթադրել, որ կա մարդկանց կողմից պասիոնարությունը կորցնելու մի կրիտիկական չափ, որից դեռևս կարելի է վերադառնալ նորմալ կյանքի, եթե, իհարկե, լինեն նպաստավոր պայմաններ, իսկ դրանից ավելի կորստի դեպքում այլևս հին պասիոնար կյանքին վերադարձ չկա, ինչը պատմության մեջ տեղի է ունեցել բազմաթիվ անգամ:
Պավել Բարսեղյան